Պետական աջակցության այլընտրանքային մոդել։

Նախաբան

Օրերս իմացել ենք, որ Արցախի ԱԺ-ում քննարկվում է ՏՏ արտոնությունների մասին օրենքը ու այդ հարցին անդրադարձել ենք Գործի բերումով հաղորդաշարի շրջանակում։
Կարծում ենք հետաքրքիր կլինի ամրագրել մեր քնարկումը նաև բլոգի ձևաչափով։

Պետական արտոնությունների մասին

Ենթադրություն ունենք, որ որևէ ոլորտի պետական աջակցության նպատակը տվյալ ոլորտի աճն է՝ նոր ձեռնարկությունների գրանցումը, ներդրումների հոսքը, աշխատակիցների թվի, հասույթի աճը և այլն։

Կարծում ենք, ոլորտի աճը խթանելու համար անհրաժեշտ պայմանը ոչ թե բիզնեսը վարելու գնի (այսինքն հարկերի) նվազեցումն է, այլ ենթակառուցվածքի զարգացումը, աշխատանքային ու այլ ռեսուրսների առկայությունը և, ընդհանրապես, տվյալ ոլորտում եկամուտ ստանալու հնարավորությունը։

Այսպես, Արցախում ՏՏ արտոնությունների մասին օրինագծով ենթադրվում է, որ ոլորտի ընկերությունների համար շահութահարկը կզրոյացվի, իսկ այդ ընկերությունների աշխատակիցների համար եկամտային հարկը կնվազի 15%֊ով։

Եկեք գնահատենք, թե տվյալ արտոնությունն իրականացնելու համար պետությունը որքան է պատրաստ ծախսել։

Կատարելով պարզ ու կոպիտ հաշվարկ միայն եկամտահարկի մասով ստացանք հետևյալ ծախսի գնահատականը՝ աչքաչափով Արցախի ՏՏ ոլորտում աշխատում է 200 մարդ, ենթադրենք միջինում աշխատավարձը $1,000-ի համարժեք դրամ է։ Ստացվում է աշխատավարձի ամսական ֆոնդը $200,000 է։ Այսինքն տարեկան պետությունը պարտաստ է հրաժարվել $360,000 -ին համարժեք եկամտային հարկից ու տրամադրել այն ՏՏ ոլորտի ընկերություններին ու աշխատակիցներին։

Քիչ թե շատ հասկանալի են կառավարության շարժառիթները։ Ակնկալվող արդյունքը ըստ էության ավելացված արժեքն է, որն էլ կառավարությունը հավակնում է հարկել։ Կառավարությունը՝ հարկային արտոնություններ սահմանելով, ակնկալում է, որ նոր ընկերություններ կստեղծվեն կամ նույնիսկ Երևանում գործող ընկերությունները մասնաճյուղեր կհիմնեն Արցախում։

Բայց ի՞նչքան է ընկերությունների հիմնադրման հարցը զգայուն հարկային տոկոսադրույքի նկատմամբ։

Պատմական տվյալներ ունենք, որ Արցախում միշտ էլ հարկային դրույքաչափերը ցածր են եղել։ Մինչև 2019թ․ տարվա հուլիսը սոցիալական վճարներ չկային, եկամտային հարկը 3–8 տոկոսային նիշով ցածր է, իսկ շահութահարկը ձեռնարկությունների մեծ մասի համար 10% է ի համեմատություն Հայաստանի մնացած մարզերի 20%-ի։

Սակայն Հայաստանի մնացած մարզերից բիզնեսի առանձնապես մեծ արտահոսք դեպի Արցախ չի նկատվել ու տարիներ գործող այդ արտոնություները կարծես թե չեն դարձրել Արցախը հայտնի, որպես հարկային բարենպաստ պայմաններ ունեցող ու բիզնեսի համար գրավիչ վայր։

Տպավորություն է ստեղծվում, որ Արցախի կառավարությունը ֆիսկալ քաղաքականությամբ փորձում է մրցել Երևանի հետ։ Մրցակցությունը վատ բան չի, բայց ոգևորիչ չէ այն, որ, փաստորեն, մրցակցությունը հիմնված է միայն գնի վրա՝ այսինքն հարկերի տոկոսադրույքների։

Հիմնարկը նույնպես օգտվում է ՏՏ արտոնություններից ու երբ մեզ խնդրում են գնահատել արտոնությունը միշտ դրական ենք գնահատում։ Բայց լավ կլիներ ոչ շահագրգռված կողմը ազնիվ ու թափանցիկ վերլուծեր այդ հարկային արտոնությունների կիրառման լավ ու վատ կողմերը։ Քանի որ որպես հարկատու քաղաքացի ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ նպատակային ցուցանիշ կար ու որքանով է դա իրագործվել։

Փորձը ցույց է տալիս, որ միայն ավելի շահեկան հարկային դրույքաչափը բավարար չէ ներդրումների ներգրավման համար։ Օրինակ, երբ մեր գործընկերները հարցնում են Արցախում բիզնես միջավայրի մասին, առաջին հարցը աշխատանքային ռեսուրսների առկայության մասին է։ Հե՞շտ է արդյոք աշխատակից գտնել։ Ի՞նչ որակ ու քանակ ունեն շփումները պետական մարմինների հետ, բյուրոկրատիան ի՞նչ մակարդակում է։

Այս ամենը հուշում է, որ Արցախում կամ ցանկացած այլ վայրում բիզնես հիմնելը պայմանավորված է ոչ միայն բիզնես անելու գնով (հարկի չափով), այլ նաև ենթակառուցվածքի որակով, ռեսուրսների ու պատվերների առկայությամբ։

Ուստի, կարծում ենք, պետության այդ ներդրումը սպասվածից քիչ արդյունք կտա։ Փոխարենը, շատ ավելի արդյունավետ կլինի, եթե այդ գումարը, որը պետությունը այսպես թե այնպես պատրաստ է տրամադրել ոլորտի զարգացմանը, ուղղի պետական կառավարման համակարգի տեխնոլոգիական արդիականացմանը և պատվերներ իջեցնի մշակելու էլեկտրոնային կառավարման (e-gov) լուծումներ։ Էլեկտրոնային կառավարումը օգտագործվելու է ողջ հասարակության ու բոլոր ոլորտների կողմից, կբարելավի կառավարման ենթակառուցվածքը և կտա երկարաժամկետ մուլտիպլիկատիվ ազդեցություն։

Չենք պնդում, որ արտոնությունները ընդհանրապես պետք է բացառել։ Պարզապես կողմնակից ենք, որ պետական սուղ միջոցները հնարավորինս արդյունավետ օգտագործվեն։ Բացի էլեկտրոնային կառավարման համակարգերի պետական գնումներից շատ հաջող ներդրում կարող է լինել օրինակ՝ անգլերենի և ընդհանրապես օտար լեզուների հմտությունների բարելավումը, բոլոր բնակավայրերում համացանցի հասանելիության ապահովումը՝ թե՛ գնի, թե՛ որակի առումով։

Հարգելի՛ լսարան, մեզ հետաքրքրում է նաև Ձեր կարծիքը։ Մեկնաբանություններում, խնդրում ենք, նշեք արդյո՞ք արտոնությունները իրոք նպաստում են հայտարարված նպատակների իրագործմանը, թե ոչ։

Գտել եք սխալ կամ Ձեր կարծիքով ինչ֊որ բան պակա՞ս է, գրե՛ք մեր էլ․հասցեին՝ info@himnark.am, ֆեյսբուքյան էջին կամ www.himnark.am կայքի առցանց զրուցարանում։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 446627 և +374 44 446627։